Բերդ քաղաքը գտնվում է Տավուշ գետի ձախ ափին, հեռավորությունը Երևանից 202 կմ է[2]։ Շրջապատված է ոչ բարձր սարերով։ Բերդի շրջանում գտնվում են Նավուր, Չինչին, իծաքար, Տավուշ և Վերին Կարմիրաղբյուր, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսեսգյուղ, Այգեձոր, Նորաշեն, Չորաթան, Չինարի, Արծվաբերդ, Ծաղկավան, Վարագավան, Պառավաքար գյուղերը։
Քաղաքի մոտ գտնվում են X դարի հայկական Տավուշ ամրոցի ավերակները, Նոր Վարագավանք և Խորանաշատ (XII-րդ դար) վանքերը, կիկլոպյան ամրոց (մ. թ. ա. I հազարամյակ) և Բերդի թանգարանը։ Մատենագրության մեջ Բերդը հիշատակվում է նաև Բերդագյուղ, Բերդգյուղ, Թավուզղալա, Թուզկալա, Թաուզքենդ, Թովուզկալա, Թոուս, Թոուս ղալե, Ղալաքյանդ, Շլորուտ, Ոլորուտ անուններով։ Քաղաքատիպ անվան, նախկին Շամշադինի վարչական շրջանի կենտրոնն է, գտնվում է Կուրի աջակողմյան վտակ Տավուշ գետի ձախ ափին` շրջապատված է ոչ բարձր լեռներով, որոնց լանջերին տեղ-տեղ կան թփուտներ։ Անունը ստացել է Տավուշ բերդի անունից։ Տեղանքը ընդարձակ է, կաթսայաձև իջվածք, որի միայն արևելյան կողմը երիզում է Խնձրուտի լեռնաշղթան, իսկ մյուս կողմերը օղակված են Տավուշ լեռնաշղթայի ճյուղերով։ Բնակավայրի կենտրոնական հատվածը ծովի մակարդակից 909 մ վրա է գտնվում, իսկ բնակավայրը կիսող առուն ձախից Տավուշ գետն է թքփվում 877 մ բարձրության վրա։ Բնակավայրը մոտիկից երիզող Կարմիր քարը, Սորան և Տավուշ բերդի վերջին հատվածը ծովի մատարդակից 1100-1200 մ բարձրություն ունեն, իսկ ավելի հեռվից օղակող լեռների գագաթները` Արջաքարը, Արամա և Թեղուտ սարերը, հատում են 1500 մ և ավելի բարձր մակարդակները։ Բնիկները նախկինում տեղահանվել, գերեվարվել ու ոչնչացվել են։ Ներկա բնակչությունը սերվում է այլ վայրերից` Ղարաբաղից, Վրաստանից, Երևանի նահանգներից եկած ընտանիքներից։ Վերաբնակվածները, նրանց սերունդները կապ են հաստատել այլ վայրերի մարդկանց հետ, որտեղից տեղափոխվել են իրենց նախնիները։
|